Սովորում ենք C# | Հրամաններ և դրանց կատարման կարգ

narek_babajanyan

Narek Babajanyan

Posted on March 18, 2020

Սովորում ենք C# | Հրամաններ և դրանց կատարման կարգ

Նախորդ գրառման մեջ ծանոթացանք փոփոխականներին և օպերատորներին, թվարկեցինք տվյալների պահպանմանն ու փոփոխմանն ուղղված պարզագույն գործողություններից մի քանիսին։ Այժմ կուսումնասիրենք արտահայտությունների (expression) և հրամանների (statement) միջոցով այդպիսի գործողությունների կատարումը և դրանց համադրմամբ առավել ֆունկցիոնալ ծրագրերի կառուցումը։

Արտահայտություններ (Expressions)

Արտահայտություն է կոչվում փոփոխականների, ֆիքսված արժեքների (literal) և օպերատորների այնպիսի համադրությունը, որը վերադարձնում է արժեք։

// Ֆիքսված արժեքն ինքն իրենով արտահայտություն է 
13

// Օպերատորն իր օպերանդ(ներ)ի հետ միասին նույնպես կազմում է արտահայտություն
13++ 
true || false 

// Կարելի է օգտագործել արտահայտությունների բարդ համադրություններ
(true || false) && !(false || false)
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Արտահայտությունների կառուցման մեջ կարևոր դեր է խաղում օպերատորների կատարման հերթականությունը (operator precedence)։ Դպրոցական մաթեմատիկայի դասերից հիշում ենք որ մաթեմատիկական արտահայտության մեջ առաջին հերթին կատարվում են բազմապատկման և բաժանման գործողությունները և հետո միայն գումարումն ու հանումը։ C# լեզուն ունի իր սեփական կանոնները, որոնք մասամբ արտացոլում են մաթեմատիկական հերթականությունը։

double result = 1.0 - 5.0 / 2.0;
// Առաջին հերթին կատարվում է բաժանումը, հետևաբար result = -1.5


result = (1.0 - 5.0) / 2.0; 
// Փակագծերի ներսում գտնվող գործողությունները կատարվում են առաջին հերթին,
// հետևաբար result = -2
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Եթե արտահայտության մեջ ներկա են կատարման հավասար կարգով օպերատորներ, հերթականությունը որոշվում է օպերատորների զուգորդականությամբ (operator associativity)։ Այն կարող է լինել ձախից աջ, կամ աջից ձախ։ Օրինակ, + օպերատորի զուգորդականությունը ձախից աջ է, այսինքն գործողությունը կատարվում է ձախ օպերանդից "դեպի" աջ օպերանդ։ Վերագրման օպերատորի (=) դեպքում պատկերն այլ է՝ այն ունի աջից ձախ զուգորդականություն․ այսինքն աջ կողմում գտնվող օպերանդի արժեքը նշանակվում է ձախ կողմում գտնվողին։

int result = 1   +   6   +   5   +   1; 
//           1  -->  7  -->  12 -->  13
// result = 13

int a = -1; 
int b = 2;
int c = 7;

a   =   b   =   c;
/*
7  <--  7  <--  7
a = 7, b = 7, c = 7
*/

// Եթե = օպերատորն ունենար ձախից աջ զուգորդականություն, կկատարվեր հակառակը, 
// Բոլոր երեք փոփոխականները կստանային -1 արժեքը 
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Հրամաններ (Statements)

Այժմ արդեն ծանոթ ենք արտահայտություններին, կարող ենք անցնել ծրագրերի հիմնական մասնիկներին՝ հրամաններին (statements)։ Ծրագրում կատարվելիք գործողությունները կոդում ընդունում են հրամանի տեսք։

Առանձնացվում են հրամանների մի քանի տեսակներ (որոնց համար C#-ում տրաամդրվում են համապատասխան բանալի բառեր՝ keywords)։ Այժմ կդիտարկենք դրանցից մի քանիսը

  • Հայտարարման հրամաններ (declaration statements) - նախատեսված է նոր փոփոխականների հայտարարման համար,
  • Արտահայտությամբ հրամաններ (expression statements) - այս հրամանները պարունակում են արտահայտություններ, որոնց հաշվարկված արժեքը պահվում է փոփոխականում,
  • Ընտրության հրամաններ (selection statements) - նախատեսված են ծրագրի "ճյուղավորման"՝ որոշակի պայմանների դեպքում տարբեր գործողությունների կատարման համար,
  • Կրկնության հրամաններ (iteration statements) - նախատեսված են որոշակի գործողություններ մի քանի անգամ կրկնելու համար։ Կրկնությունները կարելի է սահմանափակել կա՛մ ֆիքսված քանակով, կա՛մ որոշակի պայմանով։

Հայտարարման հրամաններ (declaration statements)

Ինչպես պարզ է դառնում տվյալ տեսակի անվանումից, այս հրամանները նախատեսած են նոր փոփոխականների հայտարարման համար։ Հրամանում նշում է փոփոխականի տիպը, անվանումը, կարող է նաև նշվել սկզբնական արժեքը

string country = "Հայաստան"; // Հայտարարում սկզբնական արժեքով
int number; // Հայտարարում առանց սկզբնական արժեքի
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Արտահայտությամբ հրամաններ (expression statements)

Արտահայտությամբ հրամանները բաղկացած են երկու մասից՝

  • արտահայտություն (expression)
  • նշանակում (assignment)
5 * 4; // Առկա է արտահայտությունը, բայց ոչ նշանակումը, հետևաբար, սա ճիշտ հրաման չէ 
result = 13++ * 5 / 2; // Արտահայտությամբ հրամանի օրինակ
bool check = result == 35; // Հնարավոր է հայտարարումը համատեղել արահայությամբ հրամանի հետ
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Ծրագրի կատարման կարգ (Control flow)

Հրամանների տեսակները, որոնք հիմա կուսումնասիրենք հնարավորություն են տալիս փոխել ծրագրի ընթացքն անմիջապես կոդի մեջ, ինչn ինֆորմատիկայում կոչվում է ծրագրի կատարման կարգ (control flow
Մասնավորապես, այժմ կսովորենք ինչպես կարող է ծրագրի ընթացքը փոխվել կախված ինչ-որ պայմանից և ինչպես կարելի է կրկնել ինչ-որ գործողություն(ներ)՝ ֆիքսված քանակով կամ քանի դեռ չի կատարվել մեր տրված պայմանը։

Ընտրության հրամաններ (selection statements)

Ավելի վաղ ծանոթացել էինք բուլյան (boolean) արժեքներին։ Վերջիններիս հիմնական կիրառություններից է պայմանների ճշմարիտ կամ սխալ արժեքների արտացոլումը, հետագայում ստուգելու նպատակով։ Ընտրության հրամանները հնարավորություն են տալիս ստուգել նման արժեքներ և դրա ճշմարտացիությունից կախված փոխել ծրագրի ընթացքը։ Այս նպատակով օգտագործվում են if (եթե) և else (հակառակ դեպքում) բանալի բառերը։

// condition-ը բուլյան փոփոխական է
if(condition) {
    // Այստեղ տեղակայված կոդը կկատարվի միայն եթե փակագծերում տրված պայմանը ճիշտ է
} else {
    // ․․․իսկ այստեղինը՝ եթե պայմանը սխալ է
}

/*
Հնարավոր է բուլյան արժեք վերադարձնող արտահայտությունն ամիջապես տեղադրել 
if-ի փակագծերի մեջ, առանց փոփոխականում պահելու
*/
double temperature = 37.5;
if(temperature > 36.6) {
    // Թույլատրվում է ունենալ if բլոկ, առանց else բլոկի
    // ․․․սակայն else բլոկ առանց if բլոկի՝ ոչ
}
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Այն դեպքերում երբ մեզ հետաքրքրում են ոչ թե ինչ-որ պայմանի ճիշտ կամ սխալ լինելը, այլ փոփոխականի տարբեր հնարավոր արժեքներ, if-ի օգտագործումն այդքան էլ օպտիմալ չէ՝

// Ենթադրենք մեր ծրագրում պետք է ստուգվի նետված զառի արժեք
// 6 տարբեր դեպքերի համար if/else համադրությունն այդքան էլ տեղին չէ
if (diceValue == 1) 
{   
} else if (diceValue == 2) 
{
} else if (diceValue == 3) 
{
} else if (diceValue == 4) 
{
} ․․․
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Նմանատիպ դեպքերի համար C#-ում նախատեսված են switch և case բանալի բառերը։
Զառի օրինակը այս բանալի բառերի օգտագործմամբ կունենա այս տեսքը

switch (diceValue) 
{
    case 1:
        // diceValue փոփոխականի արժեքը 1 է
        break;
    case 2:
        // diceValue փոփոխականիարժեքը 2 է
        break;
    ...
    default:
        // Փոփոխականը չընդունեց տրված արժեքներից ոչ մեկը
        break;
}
Enter fullscreen mode Exit fullscreen mode

switch բանալի բառից հետո փակագծերի ներսում նշվում է այն փոփոխականը, որի արժեքը ստուգվելու է, իսկ case (դեպք) բանալի բառի միջոցով նշվում են մեզ հետաքրքրող արժեքները և դրանց դեպքում կատարվող գործողությունները։ Ուշադրություն դարձրեք, որ ամեն case-ի ներսում կատարվող գործողություններից հետո անպայման պետք է տալ break հրաման, որպեսզի ծրագիրը դուրս գա switch բլոկից։ Մեր կողմից ծրագրավորված դեպքերի վերջում ավելացվում է default-ը, որը պարունակում է այն գործողությունները, որոնք կարվեն, եթե փոփոխականը ոչ մի այլ case-ում տեղ գտած արժեք չի ընդունել։ Զառի օրինակի պարագայում, եթե diceValue փոփոխականն ընդունի 7 արժեքը, default դեպքում կարելի է զգուշացնել սխալ (անհնար) արժեքի մասին։

Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում կատարել նույն գործողությունները մի քանի արժեքների (case-երի) պարագայում, այդ պարագայում case-երը կարելի է միավորել հետևյալ կերպ՝

switch (diceValue) 
{
    case 1:
        // Փոփոխականի արժեքը 1 է
        break;
    case 2:
    case 3:
        // Այստեղ տեղ գտած կոդը կկատարվի եթե diceValue 
        // փոփոխականն ընդունի կա՛մ 2, կա՛մ 3 արժեքը
        break;
    ...
}
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Կրկնության հրամաններ (iteration statements)

Ինչպես արդեն նշել էի, կրկնության հրամանները հնարավորություն են տալիս կրկնել որոշակի գործողություններ՝

  • ֆիքսված քանակով
  • քանի դեռ չի կատարվել որոշակի պայման

Առաջին դեպքի համար օգտագործվում է for բանալի բառը, որին հետևում է փակագծերով շրջապատված հետևյալ երեք մասերը՝

  • "հաշվիչ" փոփոխականի հայտարարում,
  • այդ փոփոխականի համեմատում մեր տրված արժեքի հետ(ըստ էության սա բուլյան արժեք վերադարձնող արտահայտություն է՝ այսինքն, պայման),
  • փոփոխականի փոփոխություն (ավելացում/պակասեցում)։ Սրանք իրարից բաժանվում են ; նշանով։ Այնուհետև { } ձևավոր փակագծերի ներսում տրվում են այն գործողությունները, որոնք պետք է կրկնվեն։ Դիտարկենք օրինակ՝
// 1) int i = 0    - հաշվիչ փոփոխականի հայտարարում
// 2) i < 5        - քանակը սահմանափակող պայման
// 3) i++          - փոփոխականի ավելացում
for(int i = 0; i < 5; i++) 
{
    // Այստեղ գրված կոդը կկատարվի 5 անգամ
    // Ամեն անգամ i փոփոխականն ավելացնելով 1-ով
    // Երբ i-ը հավասարվում է 5-ի, 5 < 5 արտահայտությունը վերադարձնում է 
    // սխալ արժեք, և ծրագիրը դուրս է գալիս ցիկլից։
}
Enter fullscreen mode Exit fullscreen mode

for հրամանի կողմից կատարվող գործողությունների հերթականությունը հետևյալն է՝

  1. առաջին հերթին, հայտարարել հաշվիչ փոփոխականը
  2. ստուգել պայմանը
  3. եթե պայմանը ճշմարիտ է (արտահայտությունը վերադարձնում է ճշմարիտ արժեք), կատարել բլոկի ներսում գտնվող կոդը
  4. կատարել հաշվիչի փոփոխության հրամանը

Այժմ դիտարկենք մյուս ցիկլի (կրկնության) հաջորդ հրամանը՝ while-ը։
Վերջինս ունի ավելի պարզ կառուցվածք՝ while բանալի բառից հետո փակագծերում տրվում է պայմանը, որը պետք է ստուգվի, այնուհետև ձևավոր փակագծերում՝ կրկնվող գործողությունները։

while (condition) 
{
    // Այդ կոդը կկրկնվի այնքան ժամանակ, 
    // քանի դեռ condition փոփոխականը/արտահայտությունը 
    // վերադարձնում է ճշմարիտ (true)արժեք
}
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Այս տեսակի ցիկլերի տիպիկ օրինակ են վիդեոխաղերը, որոնց հիմնական գործողություններն ըստ էության կատարվում են այսպիսի ցիկլի մեջ՝

bool isPaused = false;
while(!isPaused) 
{
    // 1) Արտապատկերել խաղային գրաֆիկան

    // 2) Ստանալ խաղացողի հրամանները (օրինակ՝ ստուգել սեղմված կոճակները)
    if (button == "PAUSE") 
    {
        isPaused = true;
    }

    // 3) Կատարել փոփոխություններ (օրինակ՝ շարժումներ) խաղային օբյեկտների վրա
}
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Այս տեսակի ցիկլերը կարող են օգտագործվել երկու ձևով՝ միայն while հրամանի միջոցով, կամ do, while զույգի միջոցով։

while(condition) 
{
    // ...
}

do 
{
    // ...
} while (condition)
Enter fullscreen mode Exit fullscreen mode

Էական տարբերություն է հանդիսանում այն փաստը, որ do/while հրամանների պարագայում, առաջին հերթին կատարվում է ձևավոր փակագծերի ներսում գտնվող կոդը, այնուհետև ստուգվում է while-ին տրված պայմանը։ Այսինքն նույնիսկ եթե condition պայմանը վերադարձնում է սխալ (false) արժեք, կոդը կկատարվի մեկ անգամ, մինչդեռ միայն while հրամանի միջոցով կառուցված ցիկլում կոդը կկատարվի միմիայն պայմանի ճշմարիտ լինելու պարագայում։

Ամփոփում

Այս անգամ ուսումնասիրեցինք

  • Արտահայտություններ (expressions) և դրանց կառուցումը փոփոխականների, ֆիքսված արժեքների և օպերատորների միջոցով
  • Օպերատորների կատարման հերթականությունն (operator precedence) ու դրանց զուգորդականությունը (associativity)
  • Հայտարարման (declaration), արտահայտությամբ (expression), ընտրության (selection) և կրկնության (*iteration) հրամանները (statements)
  • Ծրագրի կատարման կարգը (control flow)
💖 💪 🙅 🚩
narek_babajanyan
Narek Babajanyan

Posted on March 18, 2020

Join Our Newsletter. No Spam, Only the good stuff.

Sign up to receive the latest update from our blog.

Related